Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 3-4.2013


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Համաճարակի վտանգ չկա

Համաճարակի վտանգ չկա

Բժշկագիտության պատմության ամբողջ ընթացքում արձանագրվել է, որ գրիպը, թերևս այն եզակի հիվանդություններից է, որ դրսևորվում է որպես համաճարակներ առաջացնող սեզոնային վիրուսային վարակ: Ընդ որում, հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ այն բազմաթիվ համաճարակների, ընդհուպ` համավարակների պատճառ կարող է դառնալ:

 

Բավական է մտաբերել 1918 թվականին բռնկված, այսպես կոչված,«Իսպանական գրիպը» (H1N1 տարատեսակ), որի ճիրաններից չկարողացան փրկվել հարյուր հազարավոր մարդիկ:

 

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ մեր մոլորակի տարբեր մայրցամաքներում, այդ թվում նաև մեր տարածաշրջանում, գրիպն իր բոլոր տարատեսակներով` H1N1, H2N2 («Ասիական գրիպ»), H3N2 («Հոնկոնգյան գրիպ»), նոր գրոհ է «ձեռնարկել»:

 

Բացի թվարկած առաջին երկու տարատեսակներից, մեր հանրապետությունում շրջանառվում են նաև շնչուղիների այլ վարակների հարուցիչներ, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:

 

Այսօր ի՞նչ իրավիճակ է տիրում Հայաստանում, գրիպի հիվանդացության ի՞նչ աճ է արձանագրվել, պայքարի ի՞նչ միջոցներ և կանխարգելման ու բուժման ի՞նչ եղանակներ են կիրառվում, ազգաբնակչությունը ե՞րբ կարող է թեթևացած շունչ քաշել: Մեր այս հարցերին անդրադառնալով, հանրապետական ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը նշեց, որ չնայած այն բանին, որ գրիպով վարակվածների քանակը բավական բարձր է հանրապետությունում, այնուամենայնիվ, ծանր դեպքերը նվազել են:

 

Արձանագրվել է մահվան երեք դեպք, սակայն դրանք դրված են քննարկման և առաջիկա քննության և համաճարակային վերլուծության միջոցով կբացահայտվի հիվանդության հետ կապված պատճառահետևանքային կապը:

 

Հետևողականորեն մշտադիտարկում է իրականացվում թե բժշկական օգնության և սպասարկման օղակներում, թե շտապօգնության կայաններում, թե դպրոցներում ու մանկապարտեզներում, հանգամանք, որ հնարավորություն է ընձեռում համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել:

 

Պարոն Ասոյանը նշեց, որ մարտի 21-ի տվյալներով` հիվանդանոցի ստացիոնարում բուժում են ստանում գրիպի A և B տեսակով 23 հիվանդ, որոնց վիճակը կարելի է գնահատել միջին բարդության, բայց կայուն: Դրանց առավել մեծամասնությունը մանկական և դպրոցական տարիքի երեխաներ են, քանի որ ծնողները, մտահոգ իրենց երեխաների առողջությամբ, ավելի շուտ են դիմել բուժհաստատություններ: Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերում գրիպի դեպքերն ավելի քան երեք անգամ քիչ են:

 

Նա միաժամանակ հորդորեց ազգաբնակչությանը գրիպով հիվանդ վիճակում չգնալ աշխատանքի, չօգտվել հասարակական տրանսպորտից, հեռու մնալ ամեն տեսակ հանրահավաքներից մարդկային կուտակումներից, քանզի գրիպի վարակելիությունը չափազանց բարձր է և հասնում է 96 տոկոսի:

 

«Ես անչափ հեռու եմ քաղաքականությունից և ասածներիս տակ հանկարծ ենթատեքստ չփնտրեք. պարզապես մասնագիտական իմ խիղճն է թելադրում այդպես վարվել»,-խոստովանեց նա` հավելելով, որ դիմել են Կառավարությանը ևս մեկ շաբաթով երկարաձգելու դպրոցական արձակուրդները, հատկապես, որ եղանակի կանխատեսումներով` հանրապետությունում առաջիկայում օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում, ինչը նպաստավոր նախապայման է գրիպի հարուցիչի համար:

 

Հանրապետության գլխավոր վարակաբանը հորդորում է գրիպի առաջին նախանշանների դեպքում դիմել բժշկի, բարդություններից խուսափելու համար պահպանել անկողնային ռեժիմ, հաճախակի օդափոխել բնակարանը, հիմնարկությունները, հաճախակի խմել տաք հեղուկներ` չմոռանալով, որ գրիպի համար չկա որևէ օրգան-համակարգ, որ բարդություններ չառաջացնի, որոնցից մեկն էլ թոքաբորբն է:

 

Պարոն Ասոյանը լավատես է և հույս ունի, որ գարունը շուտով իր իրավունքների մեջ կմտնի և ջերմաստիճանի բարձրացումը գրիպին կստիպի նահանջել: Իսկ առայժմ պետք չէ խուճապի մատնվել, այլ ձգտել առողջ ապրելակերպ վարել` դրանով իսկ դիմակայել նենգ հիվանդությանը:

 

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ